Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ

7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ

Վերջին ուսումնասիրություններն անակնկալ արդյունքներ են ունեցել: Ահա մի քանի հուշում, որոնք կարող են արդյունավետորեն օգնել կնճիռների, տարիքային լաքաների դեմ պայքարի և անգամ քաղցկեղի կանխարգելման հարցում: Սկսիր հիմա և մնա անկրկնելի... միշտ:

 

1. Հետազոտությունները ևս մեկ անգամ հաստատում են` մաշկի քաղցկեղն ավելի հաճախ ի հայտ է գալիս մարմնի ձախ հատվածում: «Հիմնական պատճառներից մեկը մեքենայի ղեկին երկար ժամանակ գտնվելն է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն օրեցօր ազդում են ձախ այտի, ուսի և ոտքի հատվածի վրա»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Նյու Յորքի համալսարանի կլինիկական մաշկաբանության բաժանմունքի դասախոս Ռեբեկա Բաքստը: Նույնիսկ եթե երթևեկում ես փակ պատուհանով, ապակին չի ֆիլտրում բոլոր ճառագայթները: Ուստի մեքենայումդ միշտ ունեցիր արևապաշտպան քսուք և կիրառիր ցերեկվա ժամերին ղեկին նստելուց առաջ, նույնիսկ եթե կարճ ժամանակով ես դուրս եկել:

 

Վտանգավոր կախվածություն

 

2. Մաշկաբանները վաղուց էին մտահոգվում սրահային արևայրուքի վնասակար ազդեցությունների մասին՝ նշելով, որ այն կարող է կախվածության մեջ գցել մարդուն: Այժմ ուսումնասիրություններն ապացուցում են այդ վարկածը: Պարզվում է, որ սրահում արևայրուք ընդունելու ժամանակ առաջին իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ մեկտեղ ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տարատեսակ կախվածությունների առաջացման համար, ինչպես օրինակ` ծխախոտի կամ ալկոհոլի պարագայում:

 

«Ըստ այս տեսության՝ ուղեղը սկսում է ուլտրամանուշակագույն ճառագայթների կարիք զգալ, և որքան հաճախ է մարդն ընդունում սրահային արևայրուք, այնքան ավելի շատ է դրան ձգտում»,- բացատրում է գիտությունների դոկտոր Բրայան Ադինոֆը: Սրանով էլ բացատրվում է այն փաստը, թե ինչու բազմաթիվ կանայք, տեղյակ լինելով արհեստական արևայրուքի հավանական վտանգներին, շարունակում են այցելել սրահներ: Ի՛նչ խոսք, նման կախվածությունից խուսափելու համար հարկավոր է առհասարակ զերծ մնալ սրահային արևայրուքից:

 

3. Լողազգեստի վտանգավոր հատվածները

 

Այս շագանակագույն կետերը ցույց են տալիս այն հատվածները, որտեղ վերջանում է լողազգեստը և սկսվում է բաց մաշկը: Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ուսերին, որովայնին ու ազդրերի վերին հատվածներին, քանի որ արևի ուղիղ ազդեցությունն այդ մասերում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: «Բացի այդ, սրանք այն մասերն են, որոնք, լողազգեստին մոտ գտնվելով, բավարար քանակությամբ արևապաշտպան միջոցներով չեն պատվում»,- նշում է գիտությունների դոկտոր, Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի մաշկաբանության պրոֆեսոր Դեյվիդ Լեֆելը:

 

Մոտ 15 րոպե մերկ մարմինդ մեծ հայելու առջև ուսումնասիրիր` պարզելու հավանական պեպենների, լաքաների կամ այլ նշանների առկայությունը: Այս հատվածները պետք է պարտադիր պաշտպանվեն արևի ճառագայթներից: Ուստի ճիշտ կլինի, որ մարմինդ արևապաշտպան քսուքով պատես նախքան լողազգեստ հագնելը: Այդ դեպքում կարող ես պաշտպանել ոչ միայն լողազգեստից դուրս, այլև նրանից ներս ընկած հատվածը, ինչը նույնպես շատ կարևոր է: Հաշվի առ, որ քսուքն արագ մաքրվում է, ուստի պարբերաբար թարմացրու այն:

 

4. Սրահային արևայրուքի նույնիսկ մեկ սեանսը կարող է լուրջ վնաս հասցնել

 

Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, նույնիսկ ոչ հաճախակի սրահային արևայրուքը կարող է մոտ 69%-ով մեծացնել բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու հավանականությունը: Մինչ այդ ուսումնասիրությունները ի հայտ էին բերել սրահային արևայրուքի և երիտասարդ կանանց շրջանում տարածված մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր և մահացու տեսակի` մելանոմայի միջև առկա կապը: 

«Դա բացատրվում է լուսային լամպերի արտադրած ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությամբ,- նշում է դոկտոր Լեֆելը.- նախ՝ սրահային պայմաններում մաշկը ստանում է գրեթե բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի այդ, դրանց ուժգնությունը 10-15 անգամ ավելին է` ցերեկային արևի համեմատ»: Ու թեև որոշ սրահներ շարունակում են պնդել ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության մասին, մի՛ խաբվիր: Այդ ճառագայթները վնասում են կերատինոցիտ կոչվող մաշկային բջիջները, ինչը, մասնագետների պնդմամբ, տանում է չարորակ գոյացությունների:

 

5. Արևը կարող է վնասել ամենաանսպասելի պահերին

 

Բացօթյա սրճարանում: Նույնիսկ եթե սեղանիկը պաշտպանված է ծածկով, ուլտրամանուշակագույն ճառագայթները շարունակում են թափանցել անգամ ծածկի կտորից ներս:

Երբ դու կրում ես երկար զգեստ: Կտորի SPF-ը մոտ 15 է: Դա, իհարկե, վատ չէ, սակայն, ողջ օրն արևի տակ անցկացնելու համար բավարար չէ:

 

Ամպամած կամ մառախլապատ օրերին: Ամպերը չեն կարող արգելափակել բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուստի քո մաշկը վտանգված է գրեթե նույնքան, որքան արևոտ օրերին: Ու քանի որ ամպամած օրերին հավանաբար արևային ակնոց չես կրում, վտանգում ես նաև աչքերդ:

 

6. Պաշտպանվիր սննդի միջոցով

 

Իհարկե, սնունդն արևապաշտպան միջոցներին փոխարինել չի կարող, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները, կան մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել արևի վտանգավոր ազդեցությունը:

 

Մուգ շոկոլադ

 

Այն պարունակում է ֆլավոնոիդ կոչվող հակաօքսիդանտ, որը կրճատում է մաշկի կլանած ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակը:

Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` մոտ 100 գր շոկոլադե սալիկ կամ մեկ գդալ ֆլավոնոիդով հարուստ կակաոյի փոշի՝ կաթի հետ:

 

Լոլիկ

 

Լիկոպեն կոչվող հակաօքսիդանտը ևս կրճատում է կլանված ճառագայթների տոկոսը, հատկապես` լոլիկը եփված վիճակում ուտելու դեպքում:

Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` լոլիկով սոուսի մեկ փոքր բաժակ` սպագետիի կամ պիցցայի համադրությամբ:

 

Սուրճ

 

Այս ըմպելիքի սիրահար կանայք ավելի քիչ են վտանգված բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու` համեմատած սուրճ առհասարակ չգործածող կանանց հետ: Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտությունները երևան են հանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեմ պայքարում կոֆեինի պաշտպանիչ հատկությունները:

Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` երեք գավաթ:

 

7. Թռիչքների ազդեցությունը

 

Ինքնաթիռում գտնված ժամանակ դու, բնականաբար, շատ ավելի մոտ ես արևին: «Դա նշանակում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն օդանավի պատուհանից ներս շատ ավելի ուժգին է և վտանգավոր»,- նշում է գիտությունների դոկտոր Էլեն Մուրմուրը: Նվազեցրու ճառագայթների ազդեցությունը՝ երկարաթև հագուստ կրելով և ինքնաթիռ նստելուց առաջ մաշկդ արևապաշտպան քսուքով պատելով: Դա առավել կարևոր է, եթե նստելատեղդ պատուհանի մոտ է:

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ